Կիրակի օրը Դանիա-Չեխիա խաղով ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական B փուլի վերջին հանդիպումը: Խաղում գրանցված ոչ-ոքին Հայաստանի ընտրանուն դարձրեց խմբի միանձնյա առաջատար, քանի որ մեկական միավորներ են գրանցված նաև Իտալիայի ու Բուլղարիայի հավաքականների դիմաց: Որքան հրաշալի կլիներ, եթե մեր ընտրանին աղյուսակի այս հորիզոնականում լիներ նաև նախընտրականի ավարտից հետո: Ծայրահեղ դեպքում` երկրորդում:
Մալթայի դեմ խաղով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ելույթներն աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլում: Սկիզբն անվիճելիորեն պիտի համարել հաջողված, որովհետև, նախ, հաղթել ենք, երկրորդ, հաղթել ենք մրցակցի դաշտում, երրորդ, ցանկալի երեք միավորն ապահովված է: Ինչ մնում է խաղի որակական կողմին, այստեղ հարցերը սպասվածից շատ են:
Ինչ խոսք, որ տակտիկական մտահղացումները թիմի գլխավոր մարզչի որոշելիք հարցերն են, սակայն եթե դրանք հանգեցնում են առանձին ֆուտբոլիստի (ֆուտբոլիստների) մեկուսացմանը կամ ընդհանուր անսամբլից դուրս մնալուն, ապա նույն այդ մարզիչը պիտի մտածելու, այն էլ լուրջ մտածելու բան ունենա:
Նույնը կասեինք նաև ստանդարտ դիրքերի իրացման առնչությամբ: Չափազանց ցածր էր դրանց օգտակար գործողության գործակիցը, եթե չասենք` զրոյական, մինչդեռ ժամանակակից ֆուտբոլում այս եղանակով շատ ավելի ահեղ մրցակիցներ են ծնկի բերվում:
Դառնալով օղակների համագործակցությանը, այստեղ նույնպես զգալի խնդիրներ են կուտակված: Մի խոսքով, հարցերի ամբողջական շարան է, որոնք շուտափույթ լուծում են պահանջում, եթե մենք իսկապես ուզում ենք առաջընթաց քայլ գրանցել հայկական ֆուտբոլում: Եվ ընդհանրապես, կարծում ենք, պիտի ժամ առաջ դուրս գալ էյֆորիայից:
Անկասկած է, որ մեր ազգայինը զգացմունքային տեսակետից մեր ամենաթույլ տեղն է: Բոլորս էլ քաջ հասկանում ենք, որ ինքնահաստատման համար այն դեռ երկար տարածություն ունի անցնելու, և չպիտի մանկան պես նեղանալ, եթե նրա հասցեին քննադատական խոսք է ասվում, որքան էլ տվյալ խաղը շահած ես: Եթե հարցը դրված է այսպես` պա՞հը, թե՞ ընթացքը, անվերապահորեն պատասխանը մեկն է` ընթացքը: Հուսանք, որ այսօր իսկ արդեն ավելի ուժեղ բուլղարական ընտրանու հետ ավելի կազմակերպված, ավելի համախմբված խաղ կտեսնենք, ավելի տրամաբանված խաղ: Հայաստանի ընտրանուն ավանսները շռայլորեն տրված են, հիմա եկել է պարտքերը մարելու ժամանակը: Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, նորից եմ ասում` պարտվելու մեջ առանձնակի սարսափելի բան չկա, եթե քեզ փորձում են կոտրել, ու դու չես կոտրվում: Քո կոտրելու ժամանակն էլ կգա: Դրա համար պիտի կարողանաս ցույց տալ քո հաստատակամությունը:
Մի տեսակ կարող է տպավորություն ստեղծվել, թե շահած մարտի դիմաց չափազանց շատ ստացվեց քննադատականը, սակայն երբեմն ցավեցնելով սիրելը շատ ավելի օգտակար է, քան անամոթի պես կեղծ բարեպաշտի դիմակ հագնելն ու դուր գալու արվեստով տառապելը:
Իսկ Յուրա Մովսիսյանի թե՛ անցումն էր հրաշալի, թե՛ փոխանցումը: Էլ չեմ խոսում Արթուր Սարկիսովի` դարպասը գրավելու մասին:
ՈՒրեմն` կարողանում ենք, չէ՞:
Կարծում եմ` հասկանալի է, որ «կարողանում ենք, չէ՞» ասելս շարժիչը հմտորեն աշխատեցնելուն է վերաբերում:
Այսքանը` Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպումին ընդառաջ` մեր հավաքականին մաղթելով պինդ մրցակցություն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ